2 օգոստոսի 2011 - 16:37 AMT
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Հայաստանում գրանցվել է հրդեհի 63 դեպք

Հուլիսի 29-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 1-ին և 2-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Ընդհանուր առմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տվյալների համաձայն գրանցվել է խոտածածկ տարածքների հրդեհների 63 դեպք, որոնք բոլորն էլ հրշեջ-փրկարարների կողմից ժամանակին մեկուսացվել և մարվել են:

Օրեր առաջ «Հայպետհիդրոմետ» ծառայությունը զգուշացրել էր հուլիսի 30 և 31-ին և օգոստոսի 1-ին Արարատյան դաշտավայրում և Երևանում սպասվող 38-40 աստիճան տաքության ու հրդեհավտանգ իրավիճակի մասին և «Ուշադրություն» խորագրով գրություն էր ուղարկել համապատասխան մարմիններին: Ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանի խոսքով, ջերմաստիճանի նվազում պետք է նկատվեր օգոստոսի 2-ից, սակայն այն դեռևս չի դիտարկվում, և ջերմաստիճանը շարունակում է մնալ 40 աստիճան և ավելի:

Այս տարի մինչ հուլիսի 28-ը Հայաստանում գրանցվել էր անտառային հրդեհների ընդամենը 3 դեպք`երկուսը Երևանում և մեկը` Գյումրիում: