
Այն, որ հասարակական տրանսպորտի վիճակը Երևանում մեղմ ասած ծանր է, գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաև, որ վերջերս հասարակությունն առավել ակտիվ է սկսել բողոքել երթուղայիններում տիրող վիճակի դեմ և պայքարել սեփական արժանապատվության ու իրավունքների պաշտպանության համար: Որպես օրինակ կարող են ծառայել «Արժանապատիվ տրանսպորտ» հասարակական խմբի անցկացրած ակցիաները:
Օրեր առաջ Երևանի երթուղայիններում սկսեցին հայտնվել «բողոքների ու առաջարկությունների» համար նախատեսված երթուղին սպասարկող կազմակերպությունների անուններով ու կոնտակտային հեռախոսահամարներով գրություններ, ինչը հաճելիորեն զարմացրեց բոլորին: PanARMENIAN.Net-ի լրագրողը փորձեց պարզել, թե այս մի քանի օրվա ընթացքում սպասարկող ընկերությունները ինչ բողոքներ կամ առաջարկներ են ստացել:
Համար 82 երթուղին սպասարկող «ԼՈՒՀՐ» ընկերության տնօրինությունից վերոնշյալ հարցին պատասխանեցին, թե «լուրջ» խնդիրներով զանգեր չեն ստացել. «Մի կին էր զանգել, բողոքում էր, որ վարորդը սափրված չի եղել: Մեկն էլ առաջարկում էր գիծը երկարացնել: Այլ հարցերով դեռ չեն զանգել»:
91 համարի երթուղու ուղևորները նույնպես դժգոհել են վարորդի կարգապահությունից ու նաև բողոքել, որ գերազանցել է սահմանված արագությունը: «Վարորդին նկատողություն ենք տվել: Մեկ զանգ էլ ենք ստացել, որը վերաբերում էր երթուղային տաքսիներից մեկի սրահի վիճակին ու նստատեղերի մաշվածությանը: Այդ մեքենան հիմա կայանված է ու վերանորոգվում է»,- ասացին «ՄԳՀաուզինգ» ընկերութունում:
Մեկ այլ` 43 համարի երթուղու «թեժ գծից» պատասխանեցին, որ «առանձնապես» բողոքներ չեն ստացել. «Շոգից են բողոքում: Զանգում ասում են շոգ է: Դե դա բոլորս էլ գիտենք: Ասում են պատուհանները հանեք, պատուհան բացեք»:
«Մենք զանգեր չենք ստացել: Ոչ մի բողոք կամ առաջարկ այս օրերին չի եղել»,- նույն հարցին պատասխանեցին 65 համարի երթուղին սպասարկող «ԱՐՑԱԽՏՐԱՆՍ» ընկերությունից:
Որքանով արդյունավետ կլինի «թեժ գծերի» նորամուծությունը և կսկսեն արդյոք վարորդները սափրվել ու առանց խախտումների վարել երթուղային տաքսիները, թե ոչ, ցույց կտա ժամանակը: