4 օգոստոսի 2011 - 15:33 AMT
Տարեկան 230 մլն դրամը բավական չէ հուշարձանների պահպանության համար, գտնում է հնագետը

Տարեկան 230 մլն դրամ գումարը բավական չէ հուշարձանների պահպանության համար, գտնում է ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը: «Միայն Սանահինի վանական համալիրի վերականգնման համար տրամադրվել է 90 մլն դրամ գումար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նա:

Խոսելով Հայաստանում հուշարձանների պահպանության խնդրից, նա ասաց, որ հուշարձանների մի մասի պահպանմամբ զբաղվում է Մշակույթի նախարարությունը, իսկ գործող եկեղեցիներով զբաղվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն եկեղեցիները, որոնք ոչ միայն չեն գործում, այլ նաև վերականգնման ենթակա չեն, օրինակ` Զվարթնոցը, պահպանվում են բացառապես պետության կողմից: Մայր Աթոռը ներկայացրել է 180 եկեղեցիների ցանկ, որոնց մի մասը արդեն իրենց տրամադրության տակ է, հավելեց Սիմոնյանը:

Այս տարի ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում կներառվեն ևս 1500 նորահայտ հուշարձաններ: