4 օգոստոսի 2011 - 16:22 AMT
Փորձագետները զգուշացնում են. չգնել պոլիէթիլենով փաթեթավորված հաց, այն կարող է քաղցկեղ առաջացնել

Պոլիէթիլենով փաթեթավորված հացը նպաստում է քաղցկեղի, ստամոքսաղիքային ու սրտանոթային հիվանդությունների տարածմանն ու երիտասարդացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյան:

«Պոլիէթիլենով փաթեթավորված հացը անվտանգ չէ, քանի որ պոլիէթիլենային տոպրակներով հացը փաթեթավորում են դեռևս տաք վիճակում, ինչի հետևանքով հացը խոնավանում է, և պոլիէթիլենային տոպրակի վրա գտնվող վնասակար նյութերը հայտնվում են հացի վրա: Իսկ հացն այն սննդամթերքն է, որը չի լվացվում և չի ենթարկվում ջերմային մշակման»,- մանրամասնեց Մելիտա Հակոբյանը` խորհուրդ տալով խանութներում չպահանջել տաք հաց, եթե տեղափոխման համար օգտագործվելու է պոլիէթիլենային տոպրակ:

Ըստ բանախոսի` տաք հացի տեղափոխման համար ամենաանվտանգ և օպտիմալ տարբերակը թղթե տոպրակներն են. «Զարգացած երկրներում, Եվրոպայում վաղուց հայտնի է պոլիէթիլենային աղետի մասին, և անցում է կատարվել դեպի թղթե տոպրակներ»: