5 օգոստոսի 2011 - 20:03 AMT
ԿԱՐԾԻՔ
Մեդվեդևն ուզում է անձամբ լսել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պատասխանները

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ըստ ամենայնի, որոշել է անձամբ լսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր առաջարկներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի պատասխանները: Նույն այդ առաջարկները, որոնցով ՌԴ նախագահը հանդես էր եկել ադրբեջանական կողմի ջանքերով ձախողված Կազանյան հանդիպումից հետո, Երևանին և Բաքվին հղված անձնական ուղերձների հետ միասին հուլիսի սկզբին անձամբ բերել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հուլիսի 18-ին Բաքվի պատասխանը «մեդվեդևյան առաջարկներին» Մոսկվա կատարած այցի շրջանակում ռուսական կողմին փոխանցեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ հուլիսի 22-ին արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղարկեց Երևանի պաշտոնական պատասխանը:

Սակայն, Մեդվեդևը, ծանոթանալով պատասխաններին, ցանկացել է դրանք քննարկել անձամբ երկու պետությունների ղեկավարների հետ: Բայց այս անգամ ոչ թե երեքով, այլ յուրաքանչյուրի հետ առանձին: Եվ, ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ Իլհամ Ալիևին հրավիրել է իր մոտ` Սոչի, որտեղ վերջինս կմեկնի օգոստոսի 9-ին:

Իսկ Հայաստանի նախագահի հետ Մեդվեդևն այսպես, թե այնպես հանդիպելու է Ղազախստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ, որտեղ Սերժ Սարգսյանը ծրագրում է մեկնել օգոստոսի 12-ին: Թե կոնկրետ ինչ են պատասխանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Մեդվեդևին, մնում է միայն գուշակել, քանի որ պատասխանները, ինչպես և ինքնին առաջարկները, հույժ գաղտնի են պահվում: Անգամ չի բացառվում, որ Երևանի ու Բաքվի պատասխանները նոր հարցեր են առաջացրել, որոնք էլ Մեդվեդևը որոշել է դեմ առ դեմ քննարկել Սարգսյանի ու Ալիևի հետ:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News