Opera Mini բրաուզերով արդեն հնարավոր է կարդալ հայերեն։ Հայերեն տառերը Opera Mini-ով տեսնելու համար անհրաժեշտ է բացել opera:config էջը և ամենաներքևում “Use bitmap fonts for complex scripts” լռելյայն No արժեքից փոխել Yes ու Save։ Սա թույլ է տալիս այսպես կոչված «բարդ» լեզուների (complex script) տառերը ստանալ Opera-ի սերվերում որպես նկար։ Եվ քանի որ բոլոր հեռախոսները նկար ցույց են տալիս, տառերը երևում են։
Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրել է ծրագրավորող Ներսես Ազնաուրյանը, ով մի ամիս առաջ նկատել էր, որ Opera Mini-ն կարողանում է պատկերել վրացերեն լեզուն։
«Քանի որ complex script-ները թույլ հեռախոսների վրա արտապատկերելը որոշակի դժվարություն էր ներկայացնում, ժամանակին Opera ընկերությունը Opera Mini-ում հնարավորուոթյուն էր ստեղծել տառերի պատկերները ստանալ իրենց server-ների վրա և օգտագործողի մոտ բեռնել որպես նկար։ Իրականում այս ծառայությունը Opera-ն գրել է complex script լեզուների համար։ Complex scripts են համարվում այն լեզուները, որոնց տառերը գրվում են իրար կպած, միասին։ Օրինակ արաբերենը, հինդի լեզուները, վիետնամերենը և այլն։ Իսկ վրացերենը complex script չի համարվում, ինչպես և հայերենը, սակայն անհայտ ձևով այն աշխատում էր Opera Mini-ում։ Այդպես մտածեցի և Opera-ի ֆորումում առաջարկեցի իրենց ներկայացուցչին հայերենի մասին էլ մտածել: Opera-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ կանեն, բայց թե ե՞րբ, չասաց»,- պատմեց Ներսես Ազնաուրյանը։
Մի քանի օր առաջ Ներսես Ազնաուրյանը նկատել է, որ Opera Mini-ն արդեն պատկերում է հայերեն տառերը։ Այժմ բոլոր այն սմարթֆոնները կամ feature (սովորական) բջջայինները, որոնք հայերեն տառատեսակ չունեն, սակայն կարող են Opera Mini բրաուզեր աշխատացնել, կարող են կարդալ հայերեն՝ անկախ օպերացիոն համակարգից (Android կամ Symbian):