11 օգոստոսի 2011 - 12:49 AMT
«Ժառանգության» ղեկավարը նամակ է ուղղել Կարեն Կարապետյանին

ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այսօր նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ իր մտահոգությունը հայտնելով մայրաքաղոքի փողոցներում ապամոնտաժվող կրպակների առնչությամբ: Նամակում մասնավորապես շեշտվել է, որ ապամոնտաժման ենթակա կրպակների վարձակալներին չեն առաջարկվել այլընտրանքային լուծումներ:

«Մամուլով և հրապարակավ ոչ միայն վարձակալներն ու սեփականատերերը, այլ նաև մենք բազմիցս ցանկություն ենք հայտնել ծանոթանալ Երևանի քաղաքային իշխանությունների կամ համապատասխան պաշտոնյայի գրավոր որոշմանը, որի հիման վրա կատարվում են զանգվածային ապամոնտաժումներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անտոնյանը չկարողացավ մեզ` պատգամավորներիս եւ կրպակատերերին ներկայացնել իրենց գործողությունների համար հիմք մատնանշված այդ հանձանարականը: Մինչդեռ նրա ստորագրությամբ հուլիսի 27-ին կրպակների վարձակալներին ու սեփականատերերին ներկայացված ծանուցումների մեջ հիշատակվում է Ձեր 14.06.2011թ. թիվ 342144 հանձնարարականը»,-ասված է Երևանի քաղաքապետին ուղղված նամակում՝ նշելով որ այն վերաբերում է կրպակների գույքագրմանը, ոչ թե ապամոնտաժման թույլտվությանը:

«Ժառանգության» ղեկավարը նամակն ավարտել է քննարկման սպասումի և համագործակցության պատրաստակամության մասին արտահայտությամբ: