11 օգոստոսի 2011 - 17:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ժառանգություն»-ը խորհուրդ է տալիս բարեկարգումը սկսել քաղաքապետի օբյեկտների ապամոնտաժումից

«Ժառանգություն» խմբակցությունը սթափության կոչ է անում վարչապետին և քաղաքապետին` բողոքի հայտարարությամբ հանդես գալով կրպակների հարկադիր ապամոնտաժման և փոքր բիզնեսի ոչնչացմանն ուղղված իշխանությունների գործողությունների դեմ:

Հայտարարության մեջ նշվում է, որ համատարած գործազրկության և զանգվածային արտագաղթի առկայության պայամաններում փոքր բիզնեսի խավը ներկայացնող կրպակատերերին ապրուստի միջոցից զրկելու քայլերին դժվար է տալ այլ որակում, քան պետական շահերի դավաճանություն:

«Եթե դուք մտածում եք քաղաքի տեսքի և բնապահպանության մասին, ապա սկսեք ապամոնտաժումը ձեր և ձեր շրջապատին պատկանող կառույցներից: Դրանք են` ռեստորաններ և տարբեր համալիրներ Հրազդանի կիրճում, Օպերայի այգում, Օղակաձև և մյուս զբոսայգիներում, հսկայական խանութներ` ուղղակիորեն կառուցված մայթերի վրա, բարձրահարկ շինություններ բնակելի շենքերի բակերում և այլն: Այդ հանցագործ շինարարությունը այսօր ոչ միայն շարունակվում է, այլև նոր թափ է առնում նոր նախագծերով»,- ասվում է հայտարարության մեջ:

Այսօր Երևանի տարբեր վարչական շրջանների մոտ 200 կրպակատերեր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կրպակների ապամոնտաժման դեմ: Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում երկու օր է շարունակվում են կրպակների հանման աշխատանքները՝ կարմիր բերետավորների ու ոստիկանության ներկայությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ