Մի շարք ռազմավարական օբյեկտների արժեթղթերը Նյու-Յորքի, Լոնդոնի և Վարշավայի բորսաներում տեղակայելու մասին Վրաստանի կառավարության որոշումը կարող է վերաբերել նաև Ռուսաստանն ու Հայաստանը կապող գլխավոր գազատարին, գրում է ՎԶԳԼՅԱԴ-ը: Ինչպես հայտնել է Վրաստանի վառելիքի և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին, այդ գազատարը մտնում է Նավթի և գազի միջազգային ընկերակցության կազմի մեջ, և համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո կառավարությունը կկարողանա բորսաներում տեղակայել այդ ընկերակցության արժեթղթերը:
Խեթագուրիի խոսքով, կառավարությունը ներդրումային ընկերություններ է վարձակալել, որոնք էլ խորհուրդ են տվել արժեթղթերը տեղակայել միջազգային բորսաներում: Նախարարը նշել է, որ խոսքը գնում է հենց արժեթղթերի 25-տոկոսանոց փաթեթների մասին:
Ընդ որում, ավելի վաղ Վրաստանի կառավարությունն ասում էր, որ առայժմ մտադիր չէ վաճառել Ռուսաստանն ու Հայաստանը կապող գլխավոր գազատարը:
Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը հայտարարեց Վրաստանով Ռուսաստանն ու Հայաստանն իրար կապող գազատարի հանդեպ հետաքրքրության մասին: Ադրբեջանական կողմն արդեն դիմել է Վրաստանին գազատարի սեփականացման կամ դրա տնօրինումը փոխանցելու հարցմամբ:
Վրաստանը բորսաներում կտեղակայի որոշ պետական ընկերությունների, մասնավորապես` Վրացական երկաթուղու, Էլեկտրահամակարգերի, Նավթի և գազի միջազգային ընկերակցության արժեթղթեր:
Փաթեթները կլինեն 15, 20 և 25-ական տոկոսանոց, չորեքշաբթի օրը հայտնել է վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին: Կառավարության նիստում նա ասել է, որ դա «թույլ կտա զգալի ծավալի կապիտալ գրավել երկիր»: «Դա նոր աշխատատեղերի ստեղծման առումով նման քայլերի է խթանում նաև մեր մասնավոր ընկերություններին»,- հաղորդել է Գիլաուրին: Նրա խոսքով, ներդրողների վստահությունը Վրաստանի հանդեպ բարձր է: