Կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին Հայաստանում կնշեն Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը եկեղեցու 5 Տաղավար (գլխավոր) տոներից է, շարժական է, նշվում է V դարից սկսած ամեն տարի օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի խաչելությունից 12 տարի հետո Գաբրիել հրեշտակապետը Մարիամին ավետել է երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ Մինչև երկինք փոխադրվելը առաքյալների խնդրանքով Մարիամը իր պատկերը դրոշմում է տախատկի վրա, որպեսզի այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից։
Սբ. Կույսի երկրային կյանքի վախճանը եկեղեցին մահ բառով չի որակում, այլ այն անվանում է նինջ կամ երկրայինից երկնայինի Վերափոխում:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը պատարագ է մատուցվում, որից հետո կատարվում է նաեւ խաղողօրհնեքի արարողությունը, օրհնվում է նաև տարվա ողջ բերքը։ Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը, որը ոչ աշխատանքային է հայտարարված: