13 օգոստոսի 2011 - 16:05 AMT
Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա հարձակված Կարեն Դրամփյանը հանցակիցներ չուներ

Կարեն Դրափբյանը, որն օգոստոսի 11-ին հրաձգություն էր հրահրել Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում, մենակ է գործել և համախոհներ չի ունեցել: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Էստոնիայի դատախազության մարմիններին: Ընդ որում, պաշտպանության նախարարության շենքում կրակ բացելու դրդապատճառները հայտնի չեն: Դրամփյանը նախարարության շենք է թափանցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին` ունենալով երկու ատրճանակ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Շենքի աշխատակիցները տարհանվել են, որից հետո սկսվել է տղամարդու չեզոքացման օպերացիան: Նա ոչ մի պահանջ չէր առաջադրել, ոստիկանության հետ բանակցությունների չէր գնում: Պաշտպանության նախարարության շենքում գտնվելու ընթացքում Դրամփյանը մոտ 10 ինքնաշեն ռումբ է պայթեցրել, սակայն դրանց հզորությունը բավական չէր, որպեսզի վնասեր շենքին: Գերատեսչության տուժած աշխատակիցների մասին տեղեկություններ չկան: Տղամարդը բարիկադավորվել է նախարարության շենքի առաջին հարկի սրահներից մեկում: Մոտ 17:25-ին ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ նրան գնդակահարել են, և նա դեպքի վայրում մահացել է: Սկզբնապես հաղորդվում էր, որ նա ինքնասպան է եղել, սակայն այդ տեղեկությունները հետագայում չհաստատվեցին: Delfi-ի տվյալներով, Դրամփյանը թեթև վնասվածք էր հասցրել ոստիկաններից մեկին, մյուսի զրահաբաճկոնին էր կրակել:

Կարեն Դրամփյանը ծնվել է 1954 թվականին Երևանում, իսկ 1993-ին` Էստոնիա տեղափոխվելուց հետո, էստոնական քաղաքացիություն ստացել: Եղել է Էստոնիայի Միավորված ձախ կուսակցության անդամ: Մինչ այդ նա քրեական հանցագործություններ չի կատարել, սակայն բախումներ է ունեցել ոստիկանության հետ: Էստոնական ԶԼՄ տվյալներով, Դրամփյանը ծանր ֆինանսական դրության մեջ էր և պարտքերի պատճառով զրկվել էր բնակարանից: