15 օգոստոսի 2011 - 14:42 AMT
Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում իր առաջին հանդիպումը կանցկացնի ճապոնացի Կեի Նիշիկորիի հետ

ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) օգոստոսի 15-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «Rogers Cup»-ում ունեցած անհաջող ելույթից հետո վարկանիշում 715 միավորով իջել է 15 հորիզոնականով և զբաղեցնում է 66-րդ տեղը:

Օգոստոսի 15-ին Նալբանդյանը Ցինցինատիում մեկնարկում է ATP առաջնությունում` Masters Western & Southern Open – 2011 կարգում: Նրա առաջին մրցակիցը կլինի ճապոնացի Կեի Նիշիկորին, որը վարկանիշում 48-րդ տեղն է զբաղեցնում:

Ցինցինատիում ելույթ կունենա նաև աշխարհի թենիսիստների ուժեղագույն եռյակը` առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 13500 միավոր), երկրորդը` Ռաֆայել Նադալը (Իսպանիա, 11420 միավոր) և երրորդը` Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա, 9200 միավոր):

Masters Western & Southern Open – 2011-ի հաղթողը կստանա 496 000 դոլար և 1000 միավոր ATP վարկանիշում, եզրափակչի մասնակիցը` համապատասխանաբար 243 000 դոլար և 600 միավոր, հաղորդում է gotennis.ru-ն: