Նախորդ տարվա ավարտին ԱՄՆ սենատորները հավանություն չտվեցին մի շարք դիվանագիտական աշխատակիցների թեկնածություններին, որից հետո նախագահ Օբաման որոշեց «շրջանցել» արգելքը, գրում է Asbarez թերթը: Ըստ «Սենատորները պետք է մերժեն Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը» հոդվածի հեղինակ Հարութ Սասունյանի, ծագած խնդրի տակտիկական լուծում հանդիսացավ դեսպանների նշանակումը սենատի արձակուրդների ժամանակ: «Սակայն, եթե մինչև տարվերջ Սենատը հավանություն չտա Օբամայի նշանակումներին, ապա դեսպանները ստիպված կլինեն լքել իրենց պաշտոններն ու խայտառակ կերպով վերադառնալ ԱՄՆ»,-ասել է սասունյանը:
Անցյալ տարվա վերջում նախագահ Օբաման, օգտվելով իր իրավունքից, հաստատեց Ֆրենսիս Ռիկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ավելի վաղ, Սենատի լսումներում նրա թեկնածությունն արգելափակվեց սենատորների կողմից Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության մասին «անբավարար» պատասխանների պատճառով: 2011թ. հունվարից Ռիկարդոնեն արդեն աշխատում է որպես դեսպան Թուրքիայում:
Օգոստոսի 2-ին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումներ են տեղի ունեցել Ռիկարդոնեի թեկնածության վերաբերյալ: Լսումների ընթացքու սենատոր Ռոբերտ Մենենդեսը մի շարք հարցեր է տվել Ռիկարդոնեիին Հայոց ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանության մասին սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին պատասխանելով Ռիկարդոնեն ընդգծել է, որ պաշտպանում է ԱՄՆ նախագահի դիրքրորոշումն այդ հարցում, որը կիրառում է հայերեն Մեծ եղեռն եզրույթը:
Ռոբերտ Մենենդեսը հարցրել է նաև, թե արդյոք Ռիկարդոնեն համաձայն է այն դիրքորոշմանը, որ ունեն այս հարցում ներկայիս նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երբ նրանք սենատորներ էին: Դրան Ռիկարդոնեն պատասխանել է, որ կիսում է այդ դիրքորոշումը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հարկ է նշել, որ վերոնշյալ բոլոր երեք պաշտոնյաները, սենատորներ լինելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Օբաման, դա արել նաև լինելով նախագահի թեկնածու և խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, այդպես էլ չկատարեց խոստումը:
Պատասխանելով սենատորի հարցին այն մասին, թե քանի քրիստոնեական եկեղեցի է գործում Թուրքիայի տարածքում, դեսպան Ռիկարդոնեն հայտարարել է, թե մեծ մասը գործում է մինչ օրս:
Ըստ պատմական գրառումների, մինչ 1915թ. Թուրքիայի տարածքում գործող 2000 հայկական եկեղեցիներից այսօր գործում է 50-ը: