18 օգոստոսի 2011 - 19:09 AMT
Վահրամ Մարգարյանը կասկածվում է մորաքրոջ տանը նռնակ պահելու մեջ

Վահրամ Մարգարյանը կասկածվում է մորաքրոջ տանը նռնակ ու պայթուցիկ պահելու մեջ: Հավաստի աղբյուրը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ Մարգարյանը գրանցված չէ վերոնշյալ բնակարանում, իսկ խուզարկումը անցել է օրենքի խախտումով, քանի որ ընթերակաները չեն եղել բոլոր սենյակներում և պայթուցիկի հայտնաբերման պահին:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Մարգարյանի դեմքն ու մարմինը ծածկված են կապտուկներով, իսկ ոստիկանները դատական բժշկին ասել են` մարտական հնարքներ են կիրառել վնասազերծելու համար, որի հետևանքով էլ Վահրամ Մարգարյանի դեմքին մնացել են կապտուկներ: Վահրամ Մարգարյանն անցել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն բժիշկը դեռ եզրակացություն չի տվել:

Հավաստի աղբյուրը նշում է, որ թեև այժմ Վահրամ Մարգարյանը կասկածվում է պայթուցիկ պահելու մեջ, ամենայն հավանականությամբ մեղադրանք կառաջադրվի սպանության հոդվածով. «Հերյուրանք է: Մի բանը քողարկում են մյուսով»:

Վահրամ Մարգարյանին`Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի զինվորի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբորը, երեկ երեկոյան ոստիկանները ծեծի ենթարկելով տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին` պայթուցիկ ու նռնակ պահելու կասկածով: Ավելի ուշ տարածված տեղեկատվության համաձայն` նա կասկածվում է օգոստոսի 2-ին Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային կրակոցներով սպանված ՌԴ քաղաքացի Խաչիկ Գալոյանի սպանության գործով: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին, փաստաբանին և շտապ օգնության բժշկին ձերբակալումից միայն 4 ժամ անց են թույլատրել տեսակցել նրա հետ: