18 օգոստոսի 2011 - 20:20 AMT
Թուրքագետ. Ժամանակն է, որպեսզի թուրքական իշխանությունները լրջորեն մտածեն քրդական հարցի լուծման շուրջ

Դժվար չէր կանխագուշակել Քրդստանի բանվորական կուսակցության վրա թուրքական իշխանությունների կողմից ճնշման ավելացումը, սակայն չարժե մտահոգվել այն մասին, որ զինված բախումները կվերաճեն ավելի ընդարձակ ռազմական գործողությունների: Նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: «Դիմակայության խստացման հիմնական պատճառը թուրքական իշխանությունների դանդաղաշարժությունն ու անվճռականությունն է»,- նշել է նա:

Մելքոնյանի կարծիքով, թուրքական իշխանությունները պետք է լրջորեն մտածեն քրդական հարցի լուծման շուրջ. «Քրդերի և իշխանության փոխհարաբերությունների հետ կապված իրադրությունը չի փոխվի, քանի դեռ հարցը վերջնական լուծում չի ստացել: Նոր բախումների բռնկման վտանգը միշտ լինելու է»:

Թուրքիայի ավիացիան օգոստսի 17-ի երեկոյան ռմբակոծել է Իրաքում տեղակայված քրդական ռազմակայանները: Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Կանդիլ քաղաքը, որտեղ ենթադրաբար թաքնվում են Քրդական բանվորական կուսակցության առաջնորդները: ՔԲԿ ճամբարների ռմբակոծությանը մասնակցում էին Թուրքիայի ՌՕՈՒ 13 ինքնաթիռներ, որոնք, առնվազն, հինգ թիրախ են խոցել:

Նույն օրն ավելի վաղ թուրքական Հաքքարի քաղաքի Չուքուրջա շրջանում ռազմական մեքենայի երթևեկության ժամանակ ական է պայթել, հաղորդում է «Սաբահ» թերթը: Պատահարի արդյունքում յոթ (այլ տվյալների համաձայն` ութ) զինծառայող է զոհվել, որոնցից մեկը գումարտակի հրամանատար էր: Վիրավորների թիվը հասել է 11-ի: Նրանք մոտակա հիվանդանոց են տեղափոխվել: Պայթյունից բացի տեղի է ունեցել փոխհրաձգություն, որը մոտ երկու ժամ է տևել: Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են ընթանում: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական բանվորական կուսակցությունը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ահաբեկչության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունը սկսելու համար Թուրքիայի իշխանությունները չեն սպասելու Ռամադան ամսվա ավարտին: «Պետությունից ուժեղ բան չկա: Նա, ով գտնում է, որ պայթյունների, զենքի և սպանությունների միջոցով կկարողանա ինչ-որ բան ստանալ Թուրքիայի իշխանություններից, չարաչար սխալվում է»,- ասել է Գյուլը:

Օրերս Թուրքիայի իշխող կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռամազանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը Թուրքիայի վարչապետի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին համարել է ոչ այլ ինչ, քան ցեղասպանության սպառնալիք: «Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով: Երկխոսությունը կարող է շանս դառնալ օրենսդրական փոփոխությունների ներմուծման համար»,-ասել է Կապլանը:

Ընթացիկ տարվա հուլիսից բախումները իշխանություների ու ՔԱԿ միջև ավելացել են: Արդյունքում Դիարբեքիրում ոչնչացվել է կանոնավոր բանակի 13 խումբ: Տուժածների թվով այդ բախումներն ամենաարյունահեղն էին 2008թ. ի վեր: