19 օգոստոսի 2011 - 15:23 AMT
Տրանսպորտի համար փակ է Երևանի Աբովյան փ.-Մյասնիկյանի պ.-Հերացու փ. ստորգետնյա անցումը

Օգոստոսի 19-ին վաղ առավոտյան «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության աշխատակիցները Աբովյան փ.-Մյասնիկյանի պ.-Հերացու փ. Հատվածում գտնվող ստորգետնյա տրանսպորտային անցումի մեջ ձեռնամուխ են եղել գործող անձրևատար համակարգի վերակառուցմանը, որի համար մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունը ստիպված ժամանակավորապես փակել է անցումը տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Աբովյան փողոցի կողմից ստորգետնյա անցումի մեջ տեղադրվում է երկու նոր անձրևատար ճաղավանդակ, իսկ ստորգետնյա անցումի ելքից ոչ հեռու` Մյասնիկյանի պողոտայի և Հերացու փողոցի հատման վայրում անձրատար դիտահորից խոշոր տրամագծի խողովակով միացում է տրվում դեպի Գետառի հունը:

Ներկայումս Մյասնիկյան պողոտայի վերին հատվածներում անձրևների ժամանակ կուտակվող ջրերը լցվում են հեղեղատար ցանց և հեռանում: Սակայն հորդ անձրևների ժամանակ ցանցի թողունակությունն ակնհայտորեն չի բավարարում, որի պատճառով ջրերը դուրս են հորդում դիտահորերից և հեղեղում հարակից փողոցներն ու ստորգետնյա անցումների մեջ տրանսպորտային խցանումներ առաջացնում:

Մայրաքաղաքում անձրևների ժամանակ առաջացող ջրհեղեղների կանխարգելմանն ուղղված այս աշխատանքները նպատակ ունեն Մյասնիկյանի պողոտայով ձգվող անձևատար համակարգի «ավելորդ» ջուրն ուղղել դեպի Գետառ` խուսափելով հարակից տարածքների հեղեղումներից, ինչպես նաև կուտակվող ջրերն ավելի արագ հեռացնել «Պլանի գլխի» ստորգետնյա տրանսպորտային անցումից:

Հաշվի առնելով Աբովյան փ.-Մյասնիկյանի պ.-Հերացու փ. հատվածի աշխույժ տրանսպորտային երթևեկը, «Երևան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները նախատեսում են այսօր իսկ վերջացնել աշխատանքների մեծ մասը և բացել ստորգետնա անցումը տրանսպորտի համար: