ՀՅ Դաշնակցության բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը քննադատել է Լոս Անջելեսում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված երեկույթը բոյկոտելու մասին ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի որոշումը: Այդ մասին հաղորդում է ՀՅ Դաշնակցության մամլո դիվանը: Մանոյանը նշել է, որ այդ հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը և, թերևս, արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ «Հասկանալի է, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի և ձեռքբերումների ամրագրումն է»,- նկատել է նա: «Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով և հուզական քայլերով առաջնորդվելու, այլ առիթը պետք է օգտագործենք` մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում` նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»,- ընդգծել է Մանոյանը: