
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է, որ երիտասարդները պետք է հզորանալով, ձեռք ձեռքի տալով միասնաբար կարողանան ամրապնդել երկիրը։ «Հայաստան պետությունը բոլորում է 20 տարին։ Ձեզանից շատերը 20 տարեկան են, և դուք շատ լավ գիտեք, որ այդ անկախությունը ձեռք է բերվել տառապանքի, պայքարի, հերոսամարտի արդյունքում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը ծանր ժամանակաշրջան է ապրել, սակայն 21-րդ դարի հայը ուժեղ է, զարգացած ու գրագետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարը սահմանել է հայապահպանության չորս սյուները՝ լեզուն, մշակույթը, ընտանիքը, եկեղեցին։ «Մեր մարդկային ներուժը շատ ավելի հզոր է, շատ ավելի կարող ու կազմակերպված , շատ ավելի արդյունք կարող է տալ, քան նավթային դոլարները։ Ուստի մենք պետք է մեր միտքը մարզենք, նորարարությունների հետևից գնանք և կարողանանք Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիաների, նորարարությունների, նանոտեխնոլոգիաների երկիր»,- նշել է սփյուռքի նախարարը:
Ծաղկաձորում օգոստոսի 20-ից 24-ը անցկացվում է «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքը։ Բազեականներին այցելել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլոք: