ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայում իրադրության հետաքննության նոր փուլ է մեկնարկել մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների առնչությամբ, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրները: Հետաքննության նոր փուլը մեկնարկել է, չնայած Ռուսաստանի, Չինաստանի և Կուբայի առարկություններին: «Հետաքննության նոր փուլի մեկնարկի վերաբերյալ քվեարկությունն ավարտվեց այդ բանաձևին 33 «կողմ» և 4 «դեմ» ձայներով: Խորհրդի ևս 9 անդամ երկրներ ձեռնպահ մնացին»,- հաղորդում է գործակալությունը:
Օգոստոսի 18-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը հաղորդեց, որ մտադիր է արտահերթ նիստում քննարկել իրադրությունը Սիրիայում:
Սկսած այս տարվա մարտից, երբ Սիրիայում զանգվածային հակակառավարական ելույթներ սկսվեցին, անվտանգության ուժերը հարյուրավոր ցուցարարներ են սպանել: Բողոքները ճնշելու համար կիրառվում է նաև ծանր տեխնիկա և անգամ հրետանի, որը տեղադրված է ռազմանավերի վրա:
Ժամանակային առումով ցուցարարների դեմ վերջին խոշոր գործողությունն անցկացվեց Լաթակիա նավահանգստում: Սիրիական ՌԾՈՒ գնդակոծության և զինվորականների գործողությունների արդյունքում մի քանի հոգի սպանվեցին, մոտ 5 հազար պաղեստինյան փախստականներ ստիպված եղան լքել իրենց ճամբարները: