Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ երկրի մարզերում համերգներով հանդես է գալու ֆրանսիահայ երգիչ Մարտին Յորգանսը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մարտին Յորգանսը, շեշտը դրվել է մարզերի վրա, որովհետև Երևանում հաճախ են կազմակերպվում համերգներ, իսկ մարզերի երեխաները զրկված են դրանից: «Դա իմ նվերն է երեխաներին ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ»,- ասել է նա: Դրա հետ կապված երգիչը հավելել է, որ իր ելույթների ընթացում կատարելու է նաև մանկական երգեր:
Մարտին Յորգանսին ներկայացնելու կարիք չկա, քանի որ նրա «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ» և շատ այլ երգերը հիշում են բոլորը: Մի ամբողջ սերունդ է մեծացել նրա մանկական երգերի վրա: 1988-1996թթ. Երգիչը հաճախ է այցելել Հայաստան, երգել ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար: Նրա երգացանկում կան ինչպես հայկական, այնպես էլ իտալական, ֆրանսիական երգեր: