25 օգոստոսի 2011 - 18:10 AMT
Բնապահպաններն առաջարկություն են արել Տիգրան Սարգսյանին

Բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ 45 հասարակական կազմակերպություններ շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին Գիլան պետական արգելավայրին ու Խոսրովի անտառպետական արգելոցի ողջ տարածքին նախկին կարգավիճակը վերադարձնելու համար:

Այս որոշումն ընդունելով որպես բնապահպանների և կառավարության միջև արդյունավետ և երկրի համար շահավետ համագործակցության հնարավոր սկիզբ` բնապահպանները հանդես են եկել երկու գործնական առաջարկություններով`

«Առաջարկ 1. Քանի որ հյուրատան շենքի կառուցումը Գիլանի տարածքում այլևս ապօրինի է, պահանջում ենք օրինազանց մարմիններին, որոնք օրենքը խախտելով կառուցել են այս շինությունը պարտադրել նրանց իրենց իսկ միջոցներով ապամոնտաժել(քանդել) այն, մենք պատրաստ ենք մեր անդամների, ինչպես նաև արգելոցի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ օգնել իրականացնելու վերոնշյալ կիսակառույց շենքի ապամոնտաժումն ու շինարարական աղբի դուրս բերումը արգելոցի տարածքից:

Առաջարկ 2. Քանի որ կառավարության ս.թ. հուլիսի 14-ի նիստում հաստատվել է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում պատմամշակույթային հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որը ենթադրում է շուրջ 300 հուշարձանների մոնիթորինգ, վերականգնում և բարեկարգում, մեր դաշինքը իր աջակցությունն է առաջարկում այդ աշխատանքներում»,- ասվում է «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» անունից ուղարկված հաղորդագրության մեջ: