Ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը չի վերսկսվի քանի դեռ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանքի տակ է: Այդ մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է ՀԱԿ պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը: «Իշխանությունը պետք է կարողանա գնահատել ստեղծված իրավիճակը, հակառակ պարագայում առճակատումն իրականություն կդառնա: Եթե մինչև սեպտեմբերի 9-ի հանրահավաքը Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխվի, Կոնգրեսը հանրահավաքի ժամանակ կհայտարարի իր հետագա քայլերի մասին»,- ասել է Խաչատրյանը: Նա ասել է նաև, որ իշխանությունը Տիգրան Առաքելյանին պահում է որպես պատանդ:
Օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում Կարապի լճի շրջակայքում հերթական միջադեպն է տեղի ունեցել ՊՊԾ գնդի աշխատակիցների ևՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, ովքեր խուզարկելիս են եղել մի քանի քաղաքացիների: ՀԱԿ-ի ակտիվիստները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Սակայն ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են ու ծեծի ենթարկել նրանց: Երիտասարդները տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին:
Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:
Հետագայում Տիգրան Առաքելյանին կալանավորել են: