30 օգոստոսի 2011 - 14:52 AMT
«ՀայՌուսգազարտը» պատրաստվում է շահագործման հանձնել «Հրազդան-5» էներգաբլոկը

«Հրազդան-5» էներգաբլոկում ավարտվել են շինարարական-մոնտաժային աշխատանքները և ընթանում է համակարգային սարքավորման թողարկում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: «Էներգաբլոկն առաջիկայում հանձնվելու է շահագործման»,- ասել է նա:

Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն, «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության 248,8 միլիոն դոլար ակտիվների ձեռքբերումով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է կատարել 150-170 միլիոն դոլարի ընդհանուր ծավալով ներդրումներ:

Մասնագետների գնահատմամբ «Հրազդան-5»-ի վերակառուցման ժամանակ, բարդ, նորագույն տեխնոլոգիական սարքավորումների կիրառումը և ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումն օբյեկտը յուրահատուկ են դարձնում, որը նմանը չունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում:

Էներգաբլոկը շահագործելով` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի հայկական շուկայում զգալի մասնաբաժին կապահովի ու հնարավորություն կստանա ավելացնելու էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները հարևան երկրներ: «Հրազդան-5»-ի ծրագրի իրականացումը անմիջականորեն կապված է կարևորագույն նշանակոսւթյուն ունեցող Իրան-Հայաստան գազատարի շահագործման հետ: Մասնավորապես, ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության` «Հրազդան-5»-ում արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ` հանդիսանալով Հայաստան ներկրված իրանական բնական գազի դիմաց վճարման միջոց: