30 օգոստոսի 2011 - 18:07 AMT
Դեսպան. Վրաստանը Հայաստանից սովորելու բան ունի գյուղատնտեսության ոլորտում

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Սերգո Կարապետյանը, խոսելով ոլորտում առկա իրավիճակի մասին, դեսպանին տեղեկացրել է, որ կառավարության գործադրած ջանքերի ու համեմատաբար բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում գյուղատնեսական տարին կարելի է համարել բարեհաջող: Ստացված բերքի ցուցանիշները հնարավորություն են տվել արտահանելու բերքը:Արդեն իսկ մթերվել է զգալի քանակությամբ պտուղ-բանջարեղեն, իսկ ցորենի բերքի ծավալները նախորդ տարվա համեմատ էականորեն մեծացել են: Այս կապակցությամբ նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու գյուղատնտեսության բոլոր ուղղություններով` անասնապահության, գինեգործության, բանջարեղենի և մրգի արտահանման:

Ինչպես իր հերթին տեղեկացրել է դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանը պատրաստվում է Հայաստան ներկրել եգիպտացորեն: Դեսպանը նշել է նաև, որ կան շատ ճյուղեր, որտեղ Հայաստանի գրանցած առաջընթացն ու փորձը կարող է օրինակելի լինել Վրաստանի համար: «Վրաստանի համեմատությամբ Հայաստանն ունի բավական զարգացած գյուղատնտեսություն, և դինամիկ առաջընթաց է նկատվում բոլոր ճյուղերում` հատկապես պտուղ-բանջարեղենի վերամշակման, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության մեջ», - նկատել է Վրաստանի դեսպանը:

Իսկ երկկողմ համագործակցության ընդլայնման համար Թենգիզ Շարմանաշվիլին պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու երկու երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում: