WikiLeaks-ի սերվերներից տեղեկատվությունը բրիտանական The Guardian թերթի տվյալների բազա տեղափոխելիս ինտերնետ-պորտալի անվտանգության համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում թերթը գաղտնի փաստաթղթեր է հրապարակել WikiLeaks-ի արխիվից, գրում է Guardian-ը:
«The Guardian-ի լրագրողներն ի հեճուկս WikiLeaks-ի և հրատարակչության միջև ստորագրված պայմանագրին գերգաղտնի փաստաթղթեր են հրապարակել մեր արխիվից»,- ասվում է Twitter-ում WikiLeaks-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ: Տվյալների հրապարակումից հետո ինտերնետ-պորտալի ստեղծող Ջուլիան Ասսանժը 75-րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության փաստաբան-խորհրդատուի հետ, որի ընթացքում նշել է տեղեկատվության հնարավոր արտահոսքի մասին:
Բրիտանական հրատարակչությունն իր հերթին չի ընդունում Ասսանժի մեղադրանքներն ու ձեռնպահ մնում որևէ մեկնաբանություններից:
Անցյալ շաբաթ WikiLeaks պորտալը ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հերթական չափաբաժինն է հրապարակել: Սակայն, նախորդ հրապարակումների համեմատ, վերջին փաստաթղթերում առկա են նաև հեռագրերի և նամակների հեղինակների անունները: