
Որպես լիիրավ կողմ ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին միակ հնարավորությունն է հակամարտության համապարփակ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան կարգավորումն անիրատեսական է: «Ի դեպ, դա խոստովանում են նաև միջազգային միջնորդները, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,-ասել է Բակո Սահակյանը: Ըստ նրա, Ստեփանակերտը պատրաստ է անմիջական բանակցությունների Բաքվի հետ և պատրաստ է քննարկել ցանկացած հարց: «Կարծում եմ, բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումն, իրոք, միայն ժամանակի հարց է և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ ժամանակ կպահանջվի հակամարտության վերջնական լուծման համար»,-ասել է Արցախի նախագահը: