Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հայ անօրինական իմիգրանտների երեխաները Թուրքիայում դպրոց հաճախելու իրավունք կստանան, հաղորդում է Today’s Zaman-ը:
«Մենք ուրախ ենք Թուրքիայի կրթության նախարարության այս որոշման առթիվ»,- հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Նրա խոսքով, հայ համայնքը երկար տարիներ փորձել է ստանալ այդ որոշումը թուրքական իշխանություններից, քանի որ մոտ 1000 երեխաներ չէին կարողանում նորմալ կրթություն ստանալ իրենց ծնողների փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով:
Հոդվածում նշվում է նաև, որ նման որոշում ընդունելու նախաձեռնությունը բխել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը վերջերս նաև դեկրետ է ստորագրել քրիստոնեական ազգային փոքրամասնություններին բռնագրաված ունեցվածքը վերադարձնելու մասին:
Այսօրվա դրությամբ Անթալիայում մեկ միջազգային դպրոց է գործում, որտեղ առարկաները դասավանդվում են ռուսերենով: Դպրոցը հաճախում են 70 աշակերտներ, որոնք նաև հնարավորություն ունեն կրթություն ստանալ թուրքերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով: