Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Արցախի պաշտպանության բանակից, սեպտեմբերի 2-ին, երբ Արցախի ժողովուրդն ու նրա բանակը մեծ շուքով տոնում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը, ադրբեջանական բանակը առանձնահատուկ հաճախականությամբ հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում շարունակում էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն այդ օրը հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանական գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժի կողմից ակտիվ նախահարձակ գործողություններ են իրականացվել նաև նախատոնական օրերին: Ընդհանուր առմամբ անցած յոթնօրյակում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 350 դեպք, որի ընթացքում հակառակորդը "АК", "СВД", "ПК", "ДШК", "Սև նետ" և այլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: