
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի իրավասության դատարանը սեպտեմբերի 5-ին բավարարել է ԼՂՀ ՊԲ N զորամասի զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ժամկետային զինծառայողի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
«Նշենք, որ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար», հաղորդել են PanARMENIAN.Net-ին պաշտպանության նախարարությունից:
359 հոդվածի «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում» 1 մասը վերաբերում է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելուն նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:
Այն ենթադրում է պատիժ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նշենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան գործով կալանավորվել է մեկ սպա, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ հատկանիշներով`«իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:
Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրով զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, ասել է, որ օգոստոսի 26-ին տուժող Աբրահամյանը գիշերը զորանոցից դուրս է եկել բնական պահանջը հոգալու։ Սակայն զուգարան գնալու փոխարեն մոտեցել է մի ծառի: Պահակային ծառայություն իրականացնող զինվորը նրան նկատողություն է արել: Արդյունքում լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Երբ Աղասին զորանոց է հասնում, վատանում է, վայր ընկնում ու սկսում փսխել։ «Որոշ ժամանակ անց նրան տեղափոխում են զորամասի բուժկետ, մոտ 30 կմ հեռու, և այնտեղ սկսվում է ամենասարսափելին. ծանր վիճակում գտնվող զինվորին ժամեր շարունակ թողնում են անօգնական վիճակում՝ գետնին, անգիտակից վիճակում։ Ժամը 16:00-ից հետո միայն գալիս է բուժկետի պետը, որը ևս, ըստ գործի նյութերի, երկու անգամ հարվածում է Աբրահամյանի դեմքին, հայհոյում՝ իբրև թե նա գլուխ պահող է, սկսում է ոտքով հարվածներ տեղալ։ Այնուհետև Աղասիին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա մահանում է»,- ասել է զինդատախազը:
Ըստ Կոստանյանի` միայն դատաբժշկական եզրակացությունից հետո կպարզվի, թե զինվորը ո´ր վնասվածքներն է ստացել զորանացում՝ ծեծկռտուքի ժամանակ, և ո´րը բուժծառայության պետից։ Եվ արդյո՞ք նա ողջ չէր մնա, եթե ժամանակին պատշաճ բուժօգնություն ստանար:
«Չեմ բացառում, որ մեղադրյալների թիվն ավելանա: Հանցագործությանն առնչվող բոլորը և ցանկացած մարդ միանշանակ և մաքսիմալ ձևով ենթարկվելու է պատասխանատվության»,- հայտարարել է զինդատախազը:
Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):
Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին: