Հայաստանի փոխվարչապետ, հայ-քուվեյթական տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի մոտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանձնաժողովի հայկական կազմի նիստը:
Ինչպես նշվում է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության մեջ, նիստում քննարկվեցին հոկտեմբերին Երևանում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը նշեց, որ պաշտոնական հանդիպումների և բարձր մակարդակով այցելությունների ընթացքում քուվեյթական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել: Դրա համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ. Քուվեյթում ՀՀ դեսպանատունն արդեն լիարժեք գործում է, իսկ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Քուվեյթի դեսպանատան բացումը, ինչը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Արմեն Գևորգյանը կարևորեց հանձնաժողովի նիստի ընթացքում կոնկրետ ոլորտներում գործնական ծրագրերի քննարումը: Երկկողմ համագործակցության առումով հեռանկարային են համարվում էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղավիացիայի, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներ:
Նիստի շրջանակում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործարար և ներդրումային միջավայրին, հայկական վերամշակող արտադրությանը: Քուվեյթը համարվում է ներմուծող երկիր, և վերջինիս շուկան բաց է նաև հայկական արտադրատեսակների համար:
Հանձնաժողովի անդամներին հանձնարարվեց առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի առաջին նիստի ծրագրի վերաբերյալ: