
Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։ Նա նշեց, որ Հանրային ռադիոն կշարունակի դասական ռադիոյի ավանդույթները՝ ապահովելով լրատվական, մշակութային, մանկական ու պատմական հաղորդումների հեռարձակման ամբողջական սպեկտրը։
Անդրադառնալով Հանրային հեռուստատեսությունը՝ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ «Հայլուրը» սեպտեմբերի 21-ից կներկայանա նոր տաղավարով և տեխնիկապես ավելի հագեցած. «Լինելով ամենամեծ լսարանն ունեցող լրատվական հաղորդումը՝ ամեն ինչ կանի իր անվիճելի առաջատարի դիրքը պահելու համա»։ Բանախոսը հավելեց, որ ժամը 21-ի գլխավոր թողարկումը հիմնականում կվարեն Նվեր Մնացականյանն ու Արտակ Հերիքյանը։ Նվեր Մնացակյանը նաև կվարի ամենօրյա «Հարցազրույց» հաղորդումը։
Նոր եթերաշրջանում կլինեն նաև նոր հաղորդումներ։ Հոկտեմբերի 1-ից Հ1-ով և Վրաստանի Հանրային հեռուստատեսությամբ կսկսի հեռարձակվել «Հայ-վրացական 2 աստղ» նախագիծը։ Նախատեսվում են նաև մեծ գալա-համերգներ Թբիլիսիում և Երևանում։ Միջազգային ձևաչափի երաժշտական և արկածային ևս 2 հաղորդում եթերում կլինեն Ամանորից հետո։ Նոր եթերաշրջանում աշխատանքային օրերին եթեր կգնա նաև ևս մեկ սոցիալական բնույթի հաղորդում։