ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրված նամակը Պաղեստինի ինքնավարության կողմից ուղարկվել է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: Նամակում միջազգային հանրությանն ուղղված կոչ կա` «գործադրել բոլոր ջանքերը պաղեստինյան ժողովրդի արդար պահանջների բավարարման համար», հաղորդում է իսրայելյան Haaretz-ը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը բազմիցս հանդես է եկել սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի ընթացքում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ վերջինիս դիմումը հետ կանչելու կոչերով:
ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկել տարածարջան, որը փորձում է կանխել Պաղեստինի միակողմանի դիմումը ՄԱԿ` 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության ճանաչմանը հասնելու և այդ կազմակերպությունում լիիրավ անդամություն ստանալու համար:
Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն առաջին անգամ հայտարարել է, որ սեպտեմբերին դիմելու է ՄԱԿ` Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու համար: Այդ հայտարարությունն առաջացրել է Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան պետությունների կտրուկ արձագանքը, որոնք այդ քայլն անվանել են միակողմանի և հանդես եկել Իսրայելի հետ` իսրայելյան բնակեցումների հետ կապված հարցի պատճառով 2010-ի սեպտեմբերին ընդհատված խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից: