9 սեպտեմբերի 2011 - 16:16 AMT
Բանակում բռնության կանխման համար անհրաժեշտ է համագործակցել հասարակության հետ, գտնում է օմբուդսմենը

Ընթացիկ տարվա վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի օմբուդսմենի գրասենյակ ՀՀ Զինված ուժերում իրավախախտումներին վերաբերող 50 դիմում է ընդունվել: Հայաստանի մասին Եվրոպական կոմիտեի «Տանջանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային վերաբերմունքի և պատիժների կանխում» զեկույցի քննարկման ժամանակ այդ մասին հաղորդել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով, 50 դիմումներից դրական լուծում են ստացել 26-ը: Անդրեասյանի գնահատմամբ, դա բավական լավ ցուցանիշ է: «Դա նշանակում է, որ մեր գրասենյակի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև առկա համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս»,- ասել է նա: Ասվածն ապացուցելու համար օմբուդսմենը հաղորդել է, որ 2005 թվականին նույն հարցով 62 դիմումներից դրական լուծում էին ստացել միայն երկուսը, 2006-ին` 26-ից 2, 2007-ին` 10-ից 4, 2008-ին` 37-ից 8, 2009-ին` 51-ից 15, 2010-ին` 31-ից 9: «Վերջին 6 տարվա ընթացքում դիմումների զգալի աճ է նկատվում, ինչը վկայում է այն մասին, որ վերջին ժամանակներս մեր կառույցի հանդեպ վստահությունն աճել է»,- ասել է Անդրեասյանը` ավելացնելով, որ բանակում բռնության կանխման բանալին հասարակության համագործակցությունն է և' օմբուդսմենի գրասենյակի, և' պաշտպանության նախարարության հետ:

Անդրեասյանի կարծօքով, նախկինում շատերն օմբուդսմենի գրասենյակ չէին դիմում` վախենալով, որ իրենց անվտանգությունը հետագայում ապահովված չի լինի:

Անդրեասյանը նաև ստեղծված իրադրության մեջ քննադատել է պետական մարմիններին` ասելով, որ նրանք իրենց մեղքի բաժինն ունեն բանակում կատարվող միջադեպերում: