
Սեպտեմբերի 9-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ նոր գլխամասային գրասենյակում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ պաշտոնապես հայտարարեց «Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով մաքսային վճարումների նոր բանկային գործիքի մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը, տեղում հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացման առաջին գործարքը, որը կատարեց «Ակվատուս» ՍՊԸ ներկայացուցիչը:
«Ես շատ գոհ եմ ՊԵԿ-ի և «Անելիք բանկի» տվյալ նախաձեռնությունից, որը էապես կկրճատի մաքսատանը ծախսվող ժամանակը: Բավական երկար ժամանակ «Անելիք Բանկի» հաճախորդն եմ, և նշված ծառայության մատուցումը Բանկի կողմից ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի առաջադեմ լինելը», - գործարքը կատարելուց հետո նշեց «Ակվատուս» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Գարիկ Ջալալյանը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանն իր հերթին նշեց. «Մեզ համար առաջնահերթ է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը և սպեկտրը, և այս պրոդուկտը ներդրվել է` ղեկավարվելով հենց այդ տրամաբանությամբ»:
«ՊԵԿ-ի կողմից արդեն ներդրված էլեկտրոնային ծառայությունների շարքին ավելացավ ևս մեկ շատ կարևոր ծառայություն, դա մաքսային վճարումների էլեկտրոնային վճարման համակարգն է, որը ևս մի մեծ քայլ է առաջ` դեպի բիզնես: Այս քայլերը շարունակական են լինելու »,- ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության պետ Միքայել Փաշայանը: