14 սեպտեմբերի 2011 - 12:55 AMT
Ջիմի Քարտեր. Պաղեստինի պետականությունը լայնորեն կճանաչվի, անկախ ԱԽ-ում ԱՄՆ վետոյից

Այժմ ԱՄՆ-ն, ըստ էության, հեռացել է ակտիվ մասնակցությունից խաղաղ կարգավորման գործընթացին, գրում է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը The New York Times-ում հրապարակված հոդվածում: «Պաղեստինցիներն ու մյուս արաբները ԱՄՆ կուրսը մեկնաբանում են որպես լռելյայն համաձայնություն օկուպացիայի հետ ու իրենց հանդեպ կանխակալ մոտեցում: Տրամաբանական է ենթադրել, որ Պաղեստինի պետականությունը լայնորեն կճանաչվի, անկախ ԱԽ-ում ԱՄՆ վետոյից»,-գրում է նախագահը:

Ըստ Քարտերի, ԱՄՆ-ն ու «մերձավորարևելյան քառյակի» այլ անդամները հնարավորություն կունենան առաջ քաշել կարգավորման համապարփակ ծրագիր ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման, ինչպես նաև ՄԱԿ բանաձևերի հիման վրա:

Ըստ նախագահի, Պաղեստինի ճանաչումը կարող է առիթ հանդիսանալ խաղաղ կարգավորման համար. «Պաղեստինցիները ստիպված կլինեն չդիմել բռնության, ճանաչել Իսրայելի խաղաղ գոյակցության իրավունքը 1967թ. սահմաններում, ընդունել Պաղեստինում ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի տևական ներկայությունը, համաձայնվել սեփական ժողովրդի վերադարձին իր իսկ հողերը: Իսրայելը նույնպես կհամաձայնվի նույն սահմաններին ու խաղաղարարների ներկայությանը: Արդյունքում Իսրայելն ու նրա հարևանները խաղաղ կգոյակցեն, ԱՄՆ-ն կրկին առաջատար կդառնա տարածաշրջանում, կվերանա ԱՄՆ հանդեպ արաբների հակակրանքի հիմնական պատճառներից մեկը«:

«Միջազգային հանրության այս նոր ջանքերի այլընտրանքը հուսալքության, թշնամանքի ու, հավանաբար, բռնության էքսպանսիան է»,-վերջում նախազգուշացրել է ԱՄՆ 39-րդ նախագահը: