Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի արձագանքելու Պուշկին Սերոբյանի հայտարարությանը։ «Դա Սերոբյանի կարծիքն է, և նա ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանը՝ հավելելով, որ արձագանքի սպասել պետք չէ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը հայտարարել էր, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը զբաղվում է ամեն ինչով, բացի մարդու իրավունքները պաշտպանելուց։ Որպես օրինակ Սերոբյանը բերել էր քաղաքական երկխոսություններից առաջ միջնորդի դերում հանդես գալու Կարեն Անդրեասյանի առաջարկը։
Քաղաքական երկխոսության նախաշեմին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկել էր հանդես գալ որպես միջնորդ։ Առաջարկությունը միանշանակ չէր ընդունվել ոչ ՀԱԿ-ի և ոչ էլ կոալիցիայի անդամների կողմից։