Հոկտեմբերի 20-21 Երևանում կկայանա «Արևելյան գործընկերության նախագծում քաղաքացիական հասարակության դերի ավելացումը» խորագրով կոնգրես: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Եվրոպական շարժման հայկական գրասենյակի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը:
«Կոնգրեսի հիմնական նպատակը Արևելյան գործընկերության մասնակից երկրների խորհրդարանականների կողմից մի շարք խնդիրների քննարկումն է»,- նշել է նա: Այդպես, Ենգիբարյանի խոսքով, խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են արտոնագրի ռեժիմի պարզեցման, ներքաղաքական բարեփոխումների և եվրաինտեգրացիայի գործընթացում քաղաքացիական հասարակությունների դերի ավելացման հարցերը:
Կոնգրեսի բացման արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնը, որը Հայաստան է այցելելու հենց կոնգրեսին մասնակցելու նպատակով: Աշխատանքների ավարտին Երևանյան հռչակագիր կընդունվի: Խորհրդաժողովին կմասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների պատվիրակությունները, այդ թվում` Ադրբեջանի:
Ինչպես նշել է Ենգիբարյանը, հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել «Արևելյան գործընկերության» շրջանակում հակամարտական գոտիների ֆինանսավորման հարցը` ենթադրելով նաև Արցախի ֆինանսավորումը:
«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերությանը» մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: