«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին`«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ում ծառայած քաղաքացիական ավիացիայի հաշմանդամ օդաչուներին և 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքներին պետության կողմից փոխհատուցում տրամադրելու պարտավորության վերաբերյալ:
Նրանց կողմից բարձրացված խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2004 թվականի N 1094 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվելԿառավարության N 579 որոշման 16-րդ կետը, ըստ որի` «Կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը` պետական բյուջեի հաշվին»:
Փաստորեն, ՀՀ կառավարությունը «Հայկական ավիաուղիներ»-ում ծառայության հետևանքով հաշմանդամ դարձած օդաչուներին և 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքներին փոխհատուցումից խույս տալու նպատակով 2004 թվականի վերոնշյալ որոշմամբ վերացրել է այն իրավական հիմքը, որով կարգավորվում էր աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջությանը պատճառված այլ վնասների փոխհատուցման հարցը` իրավահաջորդ կազմակերպության բացակայության դեպքում:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, վերոնշյալ անձանց խմբի, ինչպես նաև` 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքներին ևս փոխհատուցումը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության N 579 որոշման 16-րդ կետի համաձայն:
Պատգամավորը հարց է բարձրացնում` ինչո՞ւ վերոնշյալ կարգի անձանց նկատմամբ չի գործում Կառավարության N 579 որոշումը, քանի որ N 1094 որոշումը Սահմանադրությամբ հետադարձ ուժ չունի և չի կարող գործել, և ինչպե՞ս և ո՞ր իրավական ակտով է ներկայումս կարգավորվում աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջությանը պատճառված այլ վնասների հատուցումը, եթե իրավահաջորդ կազմակերպություն չկա, սակայն նախորդ կազմակերպության միակ բաժնետերը պետությունն է եղել: