17 սեպտեմբերի 2011 - 14:49 AMT
Այսուհետ Youtube-ն ավելի արագ կբացվի՝ «ԱրմենՏել»-ի սերվերներում պահեստավորման շնորհիվ

«ԱրմենՏել»-ը ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Սա նշանակում է, որ երբ Beeline ինտերնետ-ծառայությունների բաժանորդները այցելում են Google-ի հաստատուն էլեկտրոնային բովանդակություն ունեցող ծառայություններից մեկի կայքը, դրանցից են՝ Google.com, Youtube, Google Maps կամ Google Earth կամ Google-ի այլ ծառայություն, դրանցում տեղակայված ողջ էլեկտրոնային բովանդակությունը ավտոմատ կերպով պահպանվում է «ԱրմենՏել» ընկերության տեղական սերվերներում և այս կերպ ավելի արագ դարձնում էջի պարունակության հասանելությունը այցելողին։

Այսպիսով, Google-ի առավել ճանաչված էլեկտրոնային համակարգերին միանալու արագությունը պայմանավորված կլինի «ԱրմենՏել» ընկերության սերվեների արագությամբ:

«Ներկայում, Beeline հաճախորդների համար Google-ի առավել պահանջված ռեսուրսների ցանցը հանդիսանում է «տնային ցանցի» կայք: Դրա շնորհիվ, էլ ավելի կբարձրանան Հայաստանի միասնական օպերատորի կողմից մատուցվող ինտերնետի արագությունն ու կայունությունը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ տեղական սերվերների գործարկմամբ, «ԱրմենՏել» ընկերության արտաքին կապուղիների ծանրաբեռնվածությունը նվազել է շուրջ 20 %-ով: