20 սեպտեմբերի 2011 - 14:43 AMT
30 երիտասարդներ կմեկնեն Արցախ՝ մաքրելու Ղարաբաղի խորհրդանիշը

30 երիտասարդներ շաբաթ օրը կմեկնեն Արցախ՝ մաքրելու Ղարաբաղի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին «Մաքրենք Տատիկ -Պապիկի արձանը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու նշեցին, որ իրենց տրանսպորտի ու կացարանի հարցում աջակցելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

«Նախաձեռնությունը տարածվել է բացառապես սոցիալական ցանցերով։ Այնտեղ ներկայացված քաղաքական գործիչների էջերում էլ էինք այս մասին գրել, և միայն ԱԺ պատգամավորն է արձագանքել»,- ասաց կազմակերպիչներից Արմեն Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ստացել են մասնակցել ցանկացողների մոտ 250 հայտ, սակայն ստիպված են եղել կրճատել մինչև 30, քանի որ ԱԺ պատգամավորը միայն այդքանի համար է ֆինանսավորելու։

Սա նախաձեռնության առաջին այսպիսի ակցիան չէ։ Նրանք արդեն հասցրել են մաքրել Նոր Նորքում գտնվող Հայկ Նահապետի արձանը, և խոստանում են՝ «Տատիկ-Պապիկն» էլ վերջինը չի լինելու։