ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցությունը և այդ կապակցությամբ հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված դժգոհությանը:
Նրա խոսքով, Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները: «Այն երկրի, որն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում, ինչի վառ ապացույցն է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը: Եվ Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլև խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ -ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման»,- ընդգծել է Տոնոյանը:
Նա նաև նշել է, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է. օրինակ ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Նման պրակտիկա կա նաև Ֆրանսիայում: