22 սեպտեմբերի 2011 - 14:59 AMT
2012-ին Հայաստանում ակնկալում են գյուղատնտեսության արտադրողականության աճ

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցրել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ըստ ՀՀ մարզերի բաշխել յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին, կազմակերպել 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը` այն տրամադրելով ՀՀ մարզերին և համապատասխան պայմանագրեր կնքելով մարզպետների հետ։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Բարձրորակ ցորենի սերմացուն ամբողջությամբ Հայաստանում է, և գյուղնախարարությունն արդեն սկսել է սերմացուի բաշխումն ըստ մարզերի։ Բացի այդ, առաջին վերարտադրությունից ստացված ցորենից մենք արդեն գյուղացիական տնտեսություններից հավաքել ենք շուրջ 2900 տոննա։ Սա նշանակում է, որ 2012 թ. կունենանք գյուղատնտեսական արտադրողականության աճ. մի կողմից այսօրվա որոշման համաձայն կավելանան մշակվող հողերի ծավալները, իսկ մյուս կողմից` արտադրողականությունը, քանի որ առաջին անգամ ՀՀ-ում բարձրորակ սերմեր ենք տրամադրում գյուղացիական տնտեսություններին։ Սա լուրջ հեղափոխական փոփոխություն է մեր գյուղատնտեսության մեջ»։

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիսում ներկա է գտնվել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան ներկրված ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացուի վագոնների բեռնաթափմանը։

Կառավարության ղեկավարը տեղում անձամբ լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին: Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ անցած տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմնացուից ստացվել է 220.000 տոննա ցորեն, անցած տարվա 183.000-ի դիմաց:

Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ, որոնք կբաժանվեն 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի: Այս տարի նախորդ տարվա համեմատ նվազել է նաև մեկ կիլոգրամի համար նախատեսված ներկրման գինը: 2010 թ. ցորենի սերմացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի ներկրված հացահատիկի սերմացուի գինը կազմել է մոտավորապես 75 ցենտին համարժեք գումար:

Գյուղնախարարությունը մշակել էր, կառավարությունն էլ հավանության արժանացրել 2010-2014 թթ. սերմնաբուծության ծրագիրը, որի շրջանակներում էլ արդեն երկրորդ տարին է Հայաստան է ներկրվում ցորենի «Էլիտա» սերմնացու, որը բաժանվելու է 7 հա և ավել հողատարածք ունեցող գյուղացիներին: