22 սեպտեմբերի 2011 - 15:24 AMT
Սթիվի Ուանդերը Լոս Անջելեսում մասնակցելու է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգին

Նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն ամֆիթատրոնում կայանալու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ համերգ, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Այն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մարտիրոսյանի խոսքով Լոս Անջելեսի համերգը դա միայն սկիզբն է, ակցիան շարունակվելու է մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակ: Համերգին մասնակցելու է հռչակավոր Սթիվի Ուանդերը, ինչպես նաև Մալինա Մոյը, Չակա Քանը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիք Բենեթը: Մարտիրոսյանը նաև նշեց, որ այս ցուցակը վերջնական չէ, և հնարավոր է համալրում:

Հայաստանից համերգին մասնակցելու է նաև Արտո Թունջբոյաջյանը: Նման համերգի գաղափարը առաջացել էր դերասանուհի Շերոն Սթոունի եղբոր` Մայքլ Սթոունի հետ Ֆլորա Մարտիրոսյանի ծանոթությունից հետո, երբ համատեղ համերգ կազմակերպվեց, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆլորա Մարտիրոսյանը երգելու է Ջիվանու «Կռունկը», մեկ համատեղ աշխատանք ամերիկացի ռեփեր Փրասի հետ: Համերգին հանդիսատեսի շարքում լինելու են նաև Հոլիվուդի արտիստներ, լինելու է նաև կարմիր գորգ, որով քայլելու են հատուկ հյուրերը: Մարտիրոսյանի խոսքով համերգները շարունակական բնույթ են կրելու և հաջորդ տարի համերգ է կայանալու եվրոպական որևէ երկրում և արդեն համերգին մասնակցելու համաձայնություն է տվել հռչակավոր Պիտեր Գաբրիելը և Մոնսերատ Կաբալյեն: Բեմադրական մասի հայաստանյան կողմի ղեկավարն է լինելու Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, իսկ ԱՄՆ-ից Սայլենս Ուայթը: Դադասյանը չբացեց փակագծերը, սակայն նշեց, որ Գիբսոն ամֆիթատրոնը բոլոր հնարավորությունները տալիս է ազատ ստեղծագործելու համար: Դադասյանը նաև հավելեց, որ համերգը պետք է կայանար ապրիլին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն տեղափոխվեց աշուն: Համերգի կազմակերպիչ «Էֆ Էմ Էս մեդիայի» համահիմնադիր Արամ Սարգսյանը, ով հանդիսանում է համերգի կազմակերպիչը, նշեց, որ նրանք նպատակ ունեն հայ արվեստը ներկայացնել ոչ միայն սփյուռքին, այլև օտարերկրացիներին, քանի որ Հայաստանը ունի այդ ամենը ներկայացնելու ռեսուրսներ:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգը կայանալու է Հայաստանում: