22 սեպտեմբերի 2011 - 17:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
GiveMeInfo.am կայքը պետական մարմիններին կստիպի «ամաչել»

Այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց GiveMeInfo.am նոր վեբ նախագիծը։ Կայքի նպատակն է ներկայացնել Հայաստանում տեղեկատվության ազատության վիճակագրական պատկերը՝ հանրության կողմից գերատեսչություններին ուղարկված տեղեկություն ստանալու հարցումների միջոցով։«Նախագծի նպատակն է իրազեկել հանրությանը տեղեկություն ստանալու իրավունքի մասին, ինչպես նաև այդ իրավունքը տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների միջոցով բարձրաձայնելու մասին։ Այս կերպ նաև պետական մարմինները կտեսնեն, թե իրենց կառույցն ինչ վարկանիշ ունի»,- ասաց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

Կայքի միջոցով յուրաքանչյուր մարդ կարող է ներմուծել իր տեղեկություն ստանալու հարցումը, որը նախապես գրավոր կամ էլեկտրոնային տեսքով ուղարկել էր որևէ գերատեսչության։ Հարցումը ներմուծելու համար անհրաժեշտ է ընտրել ցուցակից համապատասխան գերատեսչությունը, հարցման ձևը՝ գրավոր կամ էլեկտրոնային, հարցման ամսաթիվը, հարցումը, կարճ նկարագրությունը, անունը, էլեկտրոնային փոստը, ցանկության դեպքում նաև հեռախոսահամարը, պատասխանը, եթե կա, պատասխանի տեսակը (ժամանակին լիարժեք պատասխան, անհիմն մերժում, ուշացած լիարժեք, անհիմն պատասխան և այլն), ամսաթիվը։

Ավելացող հարցումների և դրանց պատասխանների հիման վրա ստեղծվում են վիճակագրական գրաֆիկներ, որոնք ցուցադրում են, թե յուրաքանչյուր տեղեկատվություն տնօրինող մարմին՝ գերատեսչություն, ինչպես է պատասխանել հարցմանը և ինչ ժամանակամիջոցում։

«Հելիքս կոնսալտինգ» ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը նշեց, որ կայքը նպատակ ունի ոչ միայն խրախուսել հանրությանը, որ պահանջեն տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը, այլև խրախուսել պետական հաստատություններին պատասխաններ տալ հարցումներին։

«Որքան ակտիվ ես, այնքան պաշտպանված է քո իրավունքը։ Մենք այս կայքի հանրաճանաչ դառնալու համար կօգտագործենք թե՛ սոցիալական ցանցերը, թե՛ կկազմակերպենք ֆլեշմոբեր, թե՛ այլ միջոցառումներ։ Կայքը լրագրողների համար կարող է ծառայել հիանալի տեղեկատվության աղբյուր»,-նշեց GiveMeInfo.am-ի մտահղացման հեղինակ Ալբերտ Պողոսյանը։

Կայքում կա նաև կայքից օգտվելու ուղեցույց, RSS բաժանորդագրման հոսք, ինչը շատ հարմար է մշտապես տեղեկանալու համար ներմուծվող հարցումների մասին, տեղեկություն ստանալու ճիշտ հարցման ձև, տեղեկատվության ազատության մասին վերլուծություններ, հարցումները մեկնաբանելու հնարավորություն և բլոգ ՏԱ թեմայով, որը վարելու են նախագծի մտահաղացման հեղինակ Ալբերտ Պողոսյանը և տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։

Նախագծի հիմնադիրներն ու գործարկողներն են՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ), «Հելիքս կոնսալտինգ» ընկերությունը, Ալբերտ Պողոսյանը՝ մտահղացման հեղինակ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։ Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ԱՄՆ միջազգային ժողովրդավարության և կառավարման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

ՖՈՏՈՇԱՐՔ