22 սեպտեմբերի 2011 - 17:17 AMT
Վայքում կրկին երեխա է մահացել, բայց այս անգամ ասում են՝ Մետաքսյան կապ չունի

Սեպտեմբերի 4-ին Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցում երեխան մահացել է ոչ թե բժիշկների, այլ ներարգանդային թոքաբորբի պատճառով։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։

«Այս անգամ մենք շատ արագ արձագանքեցինք լուրին, և արդեն իսկ ունենք հերձման պատասխանը։ Ես ասում եմ նախարարության տեսակետը, ըստ որի երեխայի մահը բժշկական սխալի հետևանք չէ»,- ասաց Կարինե Սարիբեկյանը՝ հավելելով, որ երեխայի ծնողները ոչ մի բողոք չունեն, քանի որ երեխայի մայրը ունեցել է առողջական խնդիրներ, և նրա կյանքը փրկվել է. «Նրանք պարզապես շնորհակալ են, և ոչ միայն Մետաքսյա Հովհաննիսյանին, այլ Եղեգնաձորի հիվանդանոցի ողջ անձնակազմին»։ Օրերս մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի երեխայի մայրը եղել է Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի հիվանդը և հենց վերջինս է մեղավոր երեխայի մահվան մեջ։ Մետաքսյա Հովհաննիսյանին մեղադրում են օգոստոսի 14-ին Վայքի ծննդատանը ծնված երեխայի մահվան մեջ։ Երեխայի հարազատները նշում են, որ բաժանմունքի վարիչը գերադասել է «բուրդ չփխելը երեխայի կյանքից»։