22 սեպտեմբերի 2011 - 18:08 AMT
Դավիթ Կարապետյան. Հայաստանը անկախությունից ի վեր ոչ պիտանի ռազմատեխնիկա չի գնել

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե իբր Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա

«ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»,- նշել է նա: