22 սեպտեմբերի 2011 - 20:33 AMT
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը ոսկե մեդալ է շնորհել Աբու Դաբիի մշակույթի և ժառանգության հարցերով հաստատության պետին

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմին, բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄԷ-ում հավատարմագրված դեսպաններ, գործարար աշխարհի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալն ու պատվոգիրը հանձնեց Աբու Դաբիի մշակույթի և ժառանգության հարցերով հաստատությանն ու այդ հաստատության գեղարվեստի և մշակույթի վարչության պետ Աբդալլահ ալ-Ամրիին:

Ընդունելության ընթացքում կազմակերպվել էր նաև Հայաստանից ժամանած հանրահայտ նկարիչ Գաբրիել Մանուկյանի կտավների ցուցահանդեսը:

Միջոցառմանը համերգով հանդես եկան հանրաճանաչ դաշնակահար Վահագն Հայրապետյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դուդուկահար Վարդան Գրիգորյանը։