Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանում, խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ ու եվրոպական երկրների քաղաքականությունը՝ մեղադրելով նրանց համաշխարհային տիրապետության ձգտելու մեջ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Ահմադինեժադն իր ելույթի մեծ մասը կառուցել է հարցերից, որոնց պատասխաններից բխում էր, որ ԱՄՆ մեղավոր է մարդկության բոլոր աղետների համար: Նա մասնավորապես ասել է,որ ԱՄՆ կառավարությունն օգտագործել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը որպես պատրվակ Իրաք ու Աֆղանստան ներխուժելու համար: «Կկարողանա՞ն արդյոք ժողովրդավարության ծաղիկները ծաղկել ՆԱՏՕ-ի հրթիռներից»,-հարց է տվել Ահմադինեժադը:
Ի պատասխան ԱՄՆ պատվիրակությունը լքել է դահլիճը:
Քննադատության է ենթարկվել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ն, որը բազմիցս է փորձել պարզաբանումներ ստանալ Իրանից միջուկային ծրագրի վերաբերյալ: «ԱԽ կազմն անարդար ու անհավասար է, այն բարեփոխման կարիք ունի»,-ասել է Ահմադինեժադը:
Ահմադինեժադի ելույթի ավարտին ծափահարություններ են հնչել: Մինչդեռ, ՄԱԿ շենքից երկու թաղամաս այն կողմ անցնում էր հակաիրանյան բողոքի ցույց: