23 սեպտեմբերի 2011 - 13:56 AMT
Շրջանառվող լուրերին հակառակ, ՀՀ Քննչական ծառայության ղեկավարի որդին կապ չունի Երևանում վնասազերծված ավազակախմբի հետ

Առավոտյան Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած դեպքի մասին հայտնի են դարձել նոր մանրամասներ, համաձայն որոնց ավազակախմբի անդամ է ոչ թե ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի, այլ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին կամ եղբորորդին։ Շրջանառվում են նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի և նախարարներից մեկի որդու անունները։ Թե որ նախարարի որդու մասին է խոսքը, դեռևս հստակեցվում է։

Այսօր Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել է 5 հոգուց բաղկացած ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող բանդա։ PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ բանդայի 4 անդամները ձերբակալվել են, իսկ մեկը դիմել է փախուստի, սակայն ընկել է ժայռից ու մահացել։ Բոլոր տղաները մեծահարուստների ու պաշտոտնյաների որդիներ են։

Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Բանդայի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։

Այսօր վաղ առավոտյան խցանված էր մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտան։ Ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ «ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու համար ոստիկանությունը ձեռնարկել էր համապատասխան միջոցառումներ»։ Հարցին, թե արդյոք հաջողվել է վնասազերծել, թե ոչ և կոնկրետ ինչ հանցագործության մասին է խոսքը, Մալխասյանը պատասխանել էր, որ այս պահին լրացուցիչ տեղեկատվություն տալ չի կարող։ Նա ոչինչ չասաց նաև զոհերի մասին։ Մալխասյանը նշեց, որ Մյասնիկյան պողոտան արդեն բաց է երթևեկության համար: Ականատեսները նշում են, որ դեպքի վայրում տեսել են դիակ, շրջված ու վթարված մեքենաներ, բազմաթիվ ոստիկաններ ու ոստիկանական շներ։