2011թ. սեպտեմբերի 21-ին «Երկիր» միության Ֆրանսիայի մասնաճյուղի անդամները, որոնք Դիարբեքիրում են գտնվում այնտեղ 2011-ի սեպտեմբերի 21-25-ը անցկացվող ֆորումին մասնակցելու նպատակով, հանդիպել են Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ սոցիալ-մշակութային ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Բայդեմիրը «Երկիր» միությանը ներկայացրել է կոնկրետ առաջարկներ՝ պատրաստակամություն հայտնելով բոլոր ուղղություններով զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը:
Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետը նշել է, որ Դիարբեքիրը պատրաստ է ընդունել երկրամասից հեռացած հայերի ժառանգներին՝ հայտարարելով, որ Դիարբեքիրից հեռացած ցանկացած հայի հետնորդներ վերադառնալու դեպքում ունենալու են նույն իրավունքները, որոնք ունեն քրդերը:
«Հայերը 1914-ականների կոտորածներից հետո հեռացել են այստեղից և մենք մնացինք այստեղ մեկուսացած և ինչքան մեկուսացանք, այդքան աղքատացանք»- հայտարարել է Բայդեմիրը: Նորից նշելով վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների մասին, քաղաքապետը հաստատել է, որ նա պատրաստ է շարունակել հայության հետ այդ ուղղությամբ բանակցությունները:
20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ քրդական խմբավորումները մեծ աջակցություն են ցուցաբերել երիտթուրքական կառավարությանը, որը էթնիկական զտումներ է իրականացրել մասնավորապես հայերի նկատմամբ: Էթնիկական զտումների արդյունքում քուրդ բնակչությունը բնակություն է հաստատել Արևմտյան Հայաստանի տարածքում, որը ներկայումս Արևելյան Անատոլիան է: